Պապիկյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

02.09.2024, 12:47
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա հնարավորությունները
Պապիկյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Վրաստանի պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հանդիպման ընթացքում նախարարները կարևորել են ռազմական կրթության բնագավառում փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը, ինչպես նաև երկուստեք ընդգծել են տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելու կարևորությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր խմբերի փոխայցելությունների միջոցով ուսումնասիրել նաև երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա ընդլայնման ու նոր ոլորտների ընդգրկման հնարավորությունները:

Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր: