ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
«Մի կարծեք, թե մենք կարող ենք ինչ–որ մեկի միամտաբար հավատալ և հենց այնպես ինչ–որ բան տալ։ Խոսելով վերադարձի մասին` ես ասացի, որ խոսքն այն տարածքների մասին է, որոնք անվտանգության տեսանկյունից սպառնալիք չեն դառնա Արցախի և հարցի լուծման համար»,– ասաց Նալբանդյանը Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի ընթացքում։
Նա նշել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում հայկական կողմի դիրքորոշումը եղել է և մնում է նույնը։
«Պատերազմի դեպքում, եթե հնարավորություն չլինի այն անմիջապես դադարեցնել, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը։ Դա կնշանակի բանակցությունների ավարտ բոլոր հնարավոր հետևանքներով», – ասել է ՀՀ արտգործնախարարը։
Նրա խոսքով, եթե Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչմամբ լուծվեին բոլոր խնդիրները, Հայաստանը դա վաղուց արած կլիներ։
«Սակայն բանն այն է, որ անցկացվում են բանակցություններ, և մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով և միջազգային հանրության հետ միասին լուծել այդ խնդիրը։ Այդ տեսանկունից կա առաջընթաց։ Մինջդեռ, հրաժարվելով Մինսկի խմբի համանախագահների բոլոր առաջարկներից, Ադրբեջանը մեկուսացնում է ինքնիրեն, մենք կշարունակենք բանակցություններն այնքան ժամանակ, քանի դեռ դա հնարավոր լինի։ Պատերազմը ոչ մի դեպքում չի կարող լուծում լինել», – ընդգծել է Նալբանդյանը։
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը, որը կտևի մինչև սեպտեմբերի 20–ը։ Համաժողովը նվիրված է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակմանը և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակին, ինչպես նաև «Էրեբունի–Երևան 2800» տոնին։ Համաժողովին մասնակցում են Հայաստանի և Արցախի գերատեսչությունների ղեկավարներ, փորձագետներ, ինչպես նաև Սփյուռքի ականավոր գործիչներ, այդ թվում` Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը։ Զեկույցներով ելույթ կունենան Բելգիայի, ԱՄՆ–ի, Ռուսաստանի, Արգենտինայի, Լիբանանի, Պորտուգալիայի, Կանադայի, Իրանի, Ռումինիայի, ԱՄԷ–ի և Սիրիայի սփյուռքահայ կառույցների ներկայացուցիչներ։
Загружается новость ...
"Право"
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-