Նաղդալյան. Ադրբեջանի կողմից Արցախի հիվանդանոցների թիրախավորումը պետական ահաբեկչության դրսևորում է

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի ԶՈւ-երի կողմից Արցախի մայրաքաղաքի հիվանդանոցի թիրախավորումը պետական ահաբեկչության դրսևորում է անվանել:
« Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից «Սմերչ» կայանքի կասետային ռումբերով վերստին թիրախավորվել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես հարվածներ են հասցվել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Կան տուժածներ»,- նշվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների շարունակական թիրախավորումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը՝ առավելագույն զոհեր հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը, հատկապես առաջնագծից հեռու գտնվող կանանց և երեխաներին:
«Սա պետական ահաբեկչության հերթական դրսևորում է, որն իրականացվում է մի պետության կողմից, որը Թուրքիայի ջանքերով արդեն իսկ դարձել է Հարավային Կովկասում միջազգային ահաբեկիչների և գրոհայինների կուտակման կենտրոն: Արձանագրում ենք, որ Արցախի ժողովրդի համար ստեղծված գոյութենական վտանգների պայմաններում Արցախի իշխանությունները և Պաշտպանության բանակը ունեն սեփական բնակչությունը պաշտպանելու և թշնամուն հակահարված տալու անքակտելի իրավունք»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ: -0-