Միրզոյան․ տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմը պատրաստակամ չէ խաղաղություն կառուցել Հայաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրքական մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը պատրաստակամ չէ խաղաղություն կառուցել Հայաստանի հետ։
«Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմը պարզապես շահագրգռված չէ կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու մեջ և իրականում պատրաստակամ չէ խաղաղություն կառուցելու։ Ավելին, մենք պարբերաբար ականատես ենք լինում լարվածության նոր դրսևորումների ինչպես Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ, այնպես էլ իրավիճակի իրական զարգացման առումով, ինչը, ցավոք, կարող է հանգեցնել նաև գետնի վրա էսկալացիայի», – ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով, եթե դիտարկեք հայկական հասարակական կարծիքը, կտեսնեք, որ Հայաստանի քաղաքացիների զգալի մասը կարծում է, որ Ադրբեջանը հետագա ծրագրեր ունի՝ նոր հարձակում իրականացնել Հայաստանի վրա, վերահսկողություն հաստատել նրա ինքնիշխան տարածքների որոշ հատվածների վրա և այլն։
«Երբ մեզ հաջողվի պարզել Ադրբեջանի իրական մտադրությունները, մեծ հավանականությամբ կկարողանանք գտնել նաև հարցերի պատասխանները», – կարծում է Միրզոյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել մի շարք առաջարկներ՝ հաղորդակցության վերականգնման, փոխադարձ վստահության ամրապնդման, այդ թվում՝ փոխադարձ վերիֆիկացիայի և սպառազինությունների վերահսկման ուղղություններով։
«Դրանք եղել են հիմնավորված և իրատեսական առաջարկներ։ Սակայն, ցավոք, որևէ կառուցողական արձագանք չենք ստացել» – նշել է Միրզոյանը։