Միայն այն բանի համար, որ մարդը հայ է․ Հայաստանի օմբուդսմենը ցույց է տվել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները նվաստացնում տարեց հայ տղամարդուն (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ադրբեջանական զինվորականները նվաստացնում են տարեց մարդու, էթնիկ հայի, նրան բացառիկ ցինիզմով ենթարկում են բացահայտ անմարդկային վերաբերմունքի:
«Դա անում են միայն այն բանի համար, որ մարդն էթնիկ հայ է. ատելությունն Ադրբեջանում այնքան համակարգված է ու պետական մակարդակով խրախուսվում է այնքան բարձր, որ այս զինվորականներին չի հետաքրքրում, որ մարդն անօգնական է, տարեց է և ունի մարդկային արժանապատվություն»,- գրել է նա:
Թաթոյանը նշել է, որ նրանք հակառակը՝ մարդկանց արժանացնում են այսպիսի վերաբերմունքի, տեսագրում կամ լուսանկարում ու հետո դա լայնորեն տարածում սոցիալական ցանցերով՝ սեփական հասարակությունում գովեստի ու թվացյալ «հերոսության» արժանանալու համար:
Ըստ նրա՝ սա հերթական ապացույցն է, որ հաստատում է ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների ու ցեղասպանության համակարգված ադրբեջանական քաղաքականությունն Արցախում:
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ այսպիսի արարքները ոչ միայն կատեգորիկ արգելված են մարդկությանը հայտնի բոլոր միջազգային պահանջներով, այլ դրանք նույնիսկ մարդկային երևակայության մեջ չեն տեղավորվում:
«Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ ներկայում ամփոփում ենք՝ այս ապացույցի ամրագրման, անհրաժեշտ ձևակերպումների ու միջազգային մարմիններին ներկայացնելու համար»,- հայտնել է օմբուդսմենը:-0-

