Մեզ մոտ ոչ բոլորն են գոհ Հայաստանի հետ հաշտեցման փաստից, սակայն Վաշինգտոնի հանդիպումը մեծ լավատեսություն է ներշնչել․ ադրբեջանցի փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանում ոչ բոլորն են գոհ երկու ժողովուրդների միջև հաշտեցումից, սակայն Վաշինգտոնի հանդիպումը մեծ լավատեսություն է ներշնչել, Երևանում ասել է Թոփչիբաշևի անվան ադրբեջանական կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը։
«Ադրբեջանում բոլորը չէ, որ գոհ են երկու ժողովուրդների միջև հաշտեցումից, քանի որ շատերի համար տրավմաներն ու վերքերը դեռ թարմ են։ Այնուամենայնիվ, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված հռչակագիրը պատասխաններ է տալիս կողմերի միջև վիճելի հարցերին», - նշել է Հուսեյնովը «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ այս փաստաթղթում հստակ նշված է, որ կողմերը պետք է հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։
Ադրբեջանցի փորձագետն ավելացրել է, որ երկու երկրների միջև կա «շատ հետաքրքիր դինամիկա, բայց մենք պետք է մեր գործողություններով, վարքագծով և հայտարարություններով նախապատրաստենք երկու երկրների հասարակություններին»։
«Հաշտեցումը վերջնական նպատակ չէ, այլ՝ ճանապարհ, և մենք պետք է պատրաստ լինենք դրան և պատրաստենք երկու երկրների հասարակություններին», - ընդգծել է Հուսեյնովը։

