Փաշինյան. մեր նպատակն է Հայաստանը դարձնել ազդեցիկ, հեղինակավոր երկիր թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային առումով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

07.06.2019, 10:42
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել ՌԴ–ում Հայաստանի դեսպանության անունից հրավիրված պաշտոնական ընդունելությանը:
Փաշինյան. մեր նպատակն է Հայաստանը դարձնել ազդեցիկ, հեղինակավոր երկիր թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային առումով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության անունից հրավիրված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցել են տեղի հայ համայնքի բազմաթիվ ազդեցիկ ներկայացուցիչներ, մշակութային, հասարակական գործիչներ և գործարարներ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը փաստել է, որ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բուռն իրադարձություններ:

 - рис.1

«Այս ընթացքում մեր վստահությունն ավելի է մեծանում: Մենք ի վերջո հասել ենք մի վիճակի, որ կարողանալու ենք լուծել մեր առաջ դրված խնդիրները, ամենակարևորը` Հայաստանը դարձնել մրցունակ պետություն, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե՛ անվտանգային առումով: Մեր նպատակն է Հայաստանը դարձնել ազդեցիկ, հեղինակավոր երկիր թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային առումով և մենք իրար հետ գնալու ենք այդ ճանապարհով»,- նշել է կառավարության ղեկավարը:

Փաշինյանի խոսքով, Հայաստանում այս տարի առաջին եռամսյակի տվյալներով արձանագրվել են բավականին շոշափելի հաջողություններ:

 - рис.2

«Նույնիսկ նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ տարածքում ամենամեծ տնտեսական աճն ապահոված պետությունն է: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով մենք շարունակում ենք պահպանել այդ դիրքերը: Հայաստանը ԵԱՏՄ-ում ամենամեծ տնտեսական աճի ցուցանիշն ունի, որը կազմել է 7,1 տոկոս: Ապրիլին տնտեսական ակտիվությունը կազմել է 9,2 տոկոս: Սա չի նշանակում, որ ամեն ինչ փայլուն է, բայց նշանակում է` այն գաղափարը, որ մենք դրել ենք զարգացման հիմքում, սկսել է աշխատել»,- ասել է վարչապետը։

Այս կապակցությամբ նա նշել է, որ Հայաստանում պետք է ձևավորվի տնտեսական գործունեության ազատ դաշտ:

 - рис.3

«Յուրաքանրյուր հայ, ով ուզում է Հայաստանը շենացնելու, հարստանալու և հարստացնելու գործում ներդրում ունենալ, այդ հնարավորությունը պետք է ստանա և այդ հնարավորություններն արդեն կան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը, ավելացնելով, որ ՀՀ կառավարությանն այլևս հետաքրքիր չեն հեշտ լուծելի խնդիրները, հասարակ տնտեսական սխեմաները:

Նրա խոսքով` իշխանություններն իրենց առաջ ավելի լուրջ խնդիրներ պետք է դնեն և դրանցից ամենակարևորը Հայաստանը նորարարական, տեխնոլոգիական երկիր դարձնելն է:

Կառավարության ղեկավարը նշել է, որ մեկ տարի առաջ` մարտ ամսին, քաղաքացիների 95 տոկոսն անհնար էր համարում քաղաքական փոփոխությունները, բայց դրանք արդեն իսկ ակնհայտ էին ապրիլին:

«Քաղաքական խնդիրները լուծելը հեշտ չէր, գործընթացը բավականին երկար է տևել: Հույս ունեմ և համոզված եմ, որ տնտեսական զարգացումն այդքան երկար չի տևի, ինչու եմ վստահ, որովհետև վստահ եմ, որ մեր ժողովուրդը տաղանդավոր է»,– ասել է նա։

 - рис.4

Նրա խոսքով, շատերը ասում են, թե այդ ինչպես է, որ հայերը գնում են ՌԴ, ԱՄՆ և մեծ հաջողությունների հասնում, իսկ Հայաստանում չեն կարողանում:

«Հիմա հենց այդ ժամանակն է, հայերը շատ ավելի մեծ հաջողությունների պետք է հասնեն Հայաստանի Հանրապետությունում, որովհետև այն հմտությունները, որ նրանք ձեռք են բերել աշխարհի տարբեր երկրներում, պետք է ներդնեն Հայաստանում, որտեղ այժմ ստեղծվել են անսահմանափակ հնարավորություններ: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի»,– ընդգծել է Փաշինյանը։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը զրուցել է ընդունելությանը ներկա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր հետաքրքրվել են Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխություններով, վարչապետի հետ կիսվել հայրենիքում տարբեր ծրագրեր իրականացնելու գաղափարներով ու նախաձեռնություններով: -0-