Մեկնարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա

20.06.2025, 11:48
Մեկնարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքիա
Մեկնարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մեկնարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքիա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումը նախատեսված է Ստամբուլում: Հայաստանի պատվիրակության կազմում են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում Երևանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, հայտնում է «Ազատություն» ռ/կ–ն։ 

Այցի օրակարգը կողմերը չեն հրապարակել, Երևանը միայն հայտնել է, որ Թուրքիայում նախատեսված չէ վարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով երեկ Թուրքիայում էր: 

Հայ-թուրքական բանակցությունների արդյունքներով սահմանը պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար: Որոշումը, սակայն, կյանքի չի կոչվում: 

Երևանն ու Անկարան պաշտոնական հաղորդագրություններում շեշտում են հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների, սակայն Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը միաժամանակ նաև նախապայմաններ է հնչեցնում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքումը: