Լրագրողական կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել Լևոն Բարսեղյանին

28.07.2016, 19:15
Մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ:
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել Լևոն Բարսեղյանին
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որով պահանջում են դադարեցնել Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի քաղաքական հետապնդումը, հայտնում է Խոսքի ազատության կոմիտեի մամուլի ծառայությունը։

Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գուլիսի 27-ին Երևանի Խորենացի փողոցում կայացած բազմամարդ հանրահավաքից հետո բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Բարսեղյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության։

Բարսեղյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմք է հանդիսացել նրա անձնական խուզարկությամբ՝ տաբատի գրպանից հայտնաբերված ծալովի դանակը: Նրա փաստաբանի հաղորդմամբ՝ այդ դանակն առաջին անգամ չէ, որ հայտնաբերվում է Լևոն Բարսեղյանի մոտ նմանատիպ իրավիճակներում, երբ ոստիկանությունը նրան բերման էր ենթարկում բողոքի ակցիաներից։ Սակայն ամեն անգամ այդ դանակի առկայությունն արձանագրվել է և անտեսվել, քանի որ չի համապատասխանել սառը զենքի չափանիշներին։

«Մենք համոզված ենք, որ մեր գործընկերոջ նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է, իսկ իբրև սառը զենք որակված դանակի առկայության փաստը՝ ընդամենը նրա ակտիվ հասարակական գործունեության, ինչպես նաև Խորենացի փողոցում տեղի ունեցող հանրահավաքներին մասնակցելու, իսկ վերջին օրը նաև այն վարելու համար Լևոն Բարսեղյանին «պատժելու» պատրվակ է»,– ասվում է հայտարարությունում։

Հեղինակների խոսքով, իրենց գործընկերը իրավապահ մարմինների կամայական գործողությունների թիրախավորված զոհ է դարձել քաղաքացիական դիրքորոշման համար։

«Մենք պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ անհապաղ կարճել հարուցված քրեական գործը եւ ազատ արձակել Լեւոն Բարսեղյանին։ Անհրաժեշտ է նաև, որիշխող քաղաքական վերնախավը դադարեցնի բռնությունները ցուցարարների ու ակտիվ քաղաքացիների նկատմամբ, և իրավապահների գործողությունները վերադարձնի օրինական դաշտ»,– ընդգծվում է հայտարարությունում։

Հայտարարության տակ ստորագրվել են 13 կազմակերպություններ, այդ թվում` Խոսքի ազատության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Հանրային լրագրության ակումբը, Հայաստանի հելսինկյան կոմիտան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-