Ամերիկացի լրագրող Ֆոուլիի ընտանիքը հաստատել է լրագրողի մահվան փաստը. գործակալություն
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի հարազատները հաստատել են լրագրողի մահվան փաստը։ Լրագրողի մահապատժի տեսանյութը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները տեղադրել են համացանցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ասոշիեյթիդ Փրես գործակալությանը:
Ավելի վաղ խմբավորման գրոհայինները համացանցում տեսագրություն էին տեղադրել, որում ցուցադրվում էր 2012թ.-ին Սիրիայում առևանգված ամերիկացի լրագրող Ֆոուլիի մահապատիժը: ԱՄՆ-ի հետախուզությունը ստուգում է տեսագրության հավաստիությունը: Գրոհայինները նաև տեսագրություն են տեղադրել, որտեղ երևում է ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆը (Steven Sotloff), նրանք հայտարարել են, որ նրա կյանքը կախված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ձեռնարկած քայլից:
Գործակալության տվյալով՝ Ֆոուլիի հարազատները Facebook-ում հայտարարել են, որ «դեռ երբեք այդքան հպարտ չեն եղել նրա համար»: «Նա զոհեց իր կյանքը՝ փորձելով աշխարհին ներկայացնել սիրիացի ժողովրդի տանջանքները», - նշվում է Ֆոուլիի մոր՝ Դայանայի հայտարարության մեջ, որը տեղադրվել է «Գտեք Ջեյմս Ֆոուլիին» (Find James Foley) խմբում: Հայտարարության մեջ Ֆոուլիի մայրը խնդրում է գրոհայիններին պահպանել մնացած գերիների կյանքը:
Հունիսի սկզբին Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման ակտիվացման պատճառով աճել է անվտանգության սպառնալիքը:
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները մինչև վերջին ժամանակները կռվում էին Սիրիայում, իսկ հունիսին գլխավորել են հարձակումները Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա։ Հունիսի վերջին խմբավորումը հայտարարեց, որ Իրաքի և Սիրիայի՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում «իսլամական խալիֆայություն» է ստեղծում:
Իրաքի իշխանությունները դիմել են միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման գործողություններին հակազդելու խնդրանքով:
ԱՄՆ-ն օգոստոսին սկսեց ավիահարվածներ ուղղել խմբավորման դիրքեր՝ հայտարարելով, որ պաշտպանում է Սինջար լեռան վրա սունիթ գրոհայինների ցեղասպանությունից թաքնվող քուրդ եզդիներին։ Օպերացիայի երկրորդ նշված նպատակն Էրբիլ քաղաքի և այնտեղ գտնվող ամերիկյան դեսպանության պաշտպանությունն է։ -0

