Լեռնային Ղարաբաղում պատերազմ վերսկսելը կարող է Ադրբեջանի կործանման հանգեցնել

04.08.2014, 18:04
Լեռնային Ղարաբաղում պատերազմ վերսկսելը կարող է Ադրբեջանի կործանման հանգեցնել, կարծում է ռուս քաղաքագետ, հետխորհրդային տարածքի խնդիրների փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը։
Լեռնային Ղարաբաղում պատերազմ վերսկսելը կարող է Ադրբեջանի կործանման հանգեցնել

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղում պատերազմ վերսկսելը կարող է Ադրբեջանի կործանման հանգեցնել, կարծում է ռուս քաղաքագետ, հետխորհրդային տարածքի խնդիրների փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

Նրա խոսքով` այժմ Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման համար միջազգային կատարյալ պայմաններ են ստեղծվել Ուկրաինայի իրադարձությունների պատճառով, և այժմ ամեն ինչ կախված է միայն ադրբեջանական ղեկավարության ողջամտությունից, ուժերի և ռազմատեխնիկականու բարոյաքաղաքական տեսանկյունից հաղթանակի իր հնարավորությունների հարաբերակցությունների ճիշտ գնահատումից։
 
«Որքանո՞վ է միաբանված ադրբեջանական հասարակությունը, կդիմանա նա, արդյո՞ք, երկարատև պատերազմի և մեծ կորուստների։ Չէ՞ որ ակնհայտ է` Ադրբեջանն արագ հաղթանակ ունենալ չի կարող։ Իսկ մաշող պատերազմը կարող է ավելի արագ կործանման հասցնել Ադրբեջանին, քան Հայաստանին։ Ընդ որում` այս դեպքում նախագահ Ալիևին և նրա շրջապատին նախանձելու ոչինչ չի լինի»,– ասաց Ալեքսանդրովը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։
 
Փորձագետը նշեց, որ ուղիղ ռազմական օգնություն Ադրբեջանը ոչ ոքից չի ստանա, այդ թվում` Թուրքիայից, և պետք է մենակ պատերազմի։
 
«Միակ բանը, ինչ Թուրքիան կարող է անել` ռազմատեխնիկական օգնության տրամադրումն է։ Հայաստանն էլ իր զենքը կուղղի ղարաբաղյան ճակատ, իսկ Ռուսաստանը` սպառազինություն կմատակարարի Հայաստանին, ինչպես նախատեսված է ՀԱՊԿ շրջանակներում երկկողմ հիմունքներով»,– ասաց նա։
 
Նա ավելացրեց, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի սկզբունքային գերակշռում Ադրբեջանը չի ունենա, իսկ ժամանակակից պատերազմում միայն կենդանի ուժի գերակշռմանը հույս դնելն անհեռատես քայլ է։
 
«Ռազմական գործողությունների փորձը նույն Դոնբասում ցույց է տալիս, որ Նովոռոսիայի լավ պատրաստված և մոտիվացված բանակն ընդունակ է դիմակայելու թվաքանակով մի քանի անգամ գերազանցող, բայց ուկրաինական թույլ մոտիվացված զորակոչային բանակին»,– նկատեց Ալեքսանդրովը։
 
Փորձագետը նշեց նաև, որ այսօրվա դրությամբ հայկական ուժերի կողմից Ադրբեջանի տարածքով անցնող նավթատարների և գազատարների ոչնչացման գործոնը նույնպես կարող է որոշակի դեր խաղալ, քանի որ առկա իրավիճակում Արևմուտքի շահագրգռվածությունն Ադրբեջանի էներգառեսուրսների մատակարարմամբ էապես աճել է։
 
«Ավելին` Արևմուտքում գոյություն ունեն ազդեցիկ բիզնես–կառույցներ, որոնք ներդրումներ են կատարել Ադրբեջանի նավթագազային բնագավառում։ Նրանց Բաքվի ռազմատենչ տրամադրությունը սառեցնելու իրական քայլերին դրդելու համար հայկական կողմը պետք է ավելի հստակ և լայն հնչեցնի իր ծրագրերը Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքի ոչնչացման իր ծրագրերը պատերազմի դեպքում։ Սակայն այդ գործոնի ծանրակշիռ լինելն Անդրկովկասի աշխարհաքաղաքական ընդհանուր հավասարման մեջ բավականին դժվար է»,– ավելացրեց նա։
 
Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-