Փորձագետները հավանական են համարում 2014 թ.–ին ԼՂՀ–ի ներգրավումը բանակցային գործընթացում
2014 թվականին հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներգրավումը որպես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի երրորդ կողմ, կարծում է «Արմեդիա» տեղեկատվական–վերլուծական գործակալության վերլուծաբան, փորձագետ–միջազգայնագետ Աննա Մկրտչյանը։
«Դրա համար բազմաթիվ հիմքեր կան` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում, երկու երկրների ԱԳՆ ղեկավարների` հաջորդ տարի ծրագրված հանդիպումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն Արցախում», – երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Մկրտչյանը։
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ կարճաժամկետ հեռանկարում հայկական կողմի առաջնահերթությունը հենց Ղարաբաղի ներգրավումն է բանակցային գործընթացում որպես երրորդ կողմ։
Փորձագետները համակարծիք էին, որ հաջորդ տարի` 2014 թվականին, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացքում այլ, ավելի գլոբալ զարգացումներ ակնկալել չարժե։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0

