ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ երկուշաբթի Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ընդունել են ծայրահեղ դիրքորոշումներից ետ կանգնելու անհրաժեշտությունը և հանդես են եկել իրենց դիրքորոշումները մերձեցնելու ջանքերը շարունակելու օգտին, հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Կողմերն ընդհանուր ըմբռնում են գրանցել, որ հետագա առաջխաղացման համար, իսկ այն ակնհայտ է, անհրաժեշտ է, ինչպես արտահայտվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները՝ Դմիտրի Մեդվեդևի աջակցությամբ, ետ կանգնել մաքսիմալիստական դիրքորոշումներից»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է Լավրովը:
Ըստ ռուս նախարարի՝ Դմիտրի Մեդվեդևի, Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում քննարկվել է «հարցերի ողջ համալիրը, որոնք դեռ չհամաձայնեցված են մնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների նախագծում»:
Նախագահները «կոնկրետ բարդ թեմաների շուրջ մտքեր են փոխանակել, եզրակացություն է արվել, որ պետք է շարունակել աշխատանքը»,- ավելացրել է նա:
«Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել արագացնել ընդհանուր սկզբունքների մասով աշխատանքը, որպեսզի այնուհետև այդ բազայի հիման վրա անցում կատարվի իրավաբանորեն պարտադրող խաղաղ համաձայնագրին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը՝ որպես միջնորդ և ԵԱՀԿ Մինսկի խմբի «եռյակի» անդամ (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ), «շարունակելու է կողմերի դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ ջանքերը»:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-