Ղարաբաղյան հակամարտությունը որպես «միջհամայնքային» ներկայացնելու փորձերը պաշտոնական Բաքվի քարոզչական հնարքներն են, որոնք միջազգային հանրությանը խնդրի իրական էությունից շեղելու նպատակ ունեն և հերթական անգամ վկայում են Բաքվի իշխանությունների մոտ հակամարտությունը խաղաղ կարգավորելու քաղաքական կամքի և ցանկության բացակայության մասին, ասվում է ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանություններում:
Ադրբեջանի իշխանությունները նորից ակտիվորեն արմատավորում են «միջհամայնքային» հասկացությունը, որն ուղղված է ղարաբաղյան հակամարտության էությունը աղավաղելուն, ձևափոխելու հակամարտության փաստացի եռակողմ ձևաչափը պաշտոնական Բաքվին համար շահավետ երկկողմ ձևաչափի:
ԼՂՀ ԱԳՆ-ն նշում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է ԽՍՀՄ կազմալուծման ընթացքում դեզինտեգրացիայի բնականոն գործընթացի հետևանքով առաջացած խնդրի լուծմանը քաղաքակիրթ մոտեցումներ ցույցաբերելու` պաշտոնական Բաքվի անընդունակության արդյունքը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որ ձևավորվել է` լիովին համապատասխանելով ինչպես այն ժամանակաընթացքում գործող օրենսդրությանը, այնպես էլ բոլոր միջազգային նորմերին, Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի օբյեկտ է դարձել` ուղղված ԼՂՀ քաղաքացիների ֆիզիկապես բնաջնջմանը: Անհաջողություն կրելով իր իսկ կողմից սանձազերծված պատերազմում` Բաքուն, դժբախտաբար, սկսել է հմտանալ քաղաքականության բնագավառում ինտրիգների և սադրանքների մեջ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը կարծում է, որ «միջհամայնքային» ձևաչափը հեռահար նպատակներ է հետապնդում, մասնավորապես, միակողմանիորեն վերադարձնել ադրբեջանցի փախստականներին Լեռնային Ղարաբաղ` առանց լուծելու Ադրբեջանից տեղահանված կես միլիոն հայերի հարցը, նախկին «գաղութի» և նախկին «մետրոպոլիայի» խնդիրը ձևափոխել տարածաշրջանի բնակիչների միջէթնիկական խնդրիներով, այն դեպքում, երբ այն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Բաքվի իշխանությունների ընդհանուր խտրական քաղաքականության հետևանքը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտայնության գործոնի անտեսումը և կայացած ղարաբաղյան պետությունը ներկայացնելը որպես տարածք Ադրբեջանի կազմում` երկու համայնքների հավասար իրավունքներով:
«Վերջին հաշվով, Բաքվի հաշվարկներով վերոնշյալն ամբողջությամբ պետք է ընկած լինի «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման» ի սկզբանե անկենսունակ ձևաչափի հիմքում»,- ասվում է հայտարարության մեջ:
Ղարաբաղյան կողմը «միջհամայնքային» մոտեցումը ոչ միայն անհեռանկար, այլև չափազանց վտանգավոր է համարում, քանի որ այն խաղաղարար գործընթացը տանում է փակուղի և վարկաբեկում է ինքնին խաղաղարության գաղափարը, լրացուցիչ լարվածություն և անվստահություն է մտցնում հակամարտության կողմերի հասարակությունների միջև:
«Ադրբեջանական փոքրամասնությանը նշված կարգավիճակի արհեստականորեն տրամադրման փորձը զուրկ է որևէ իրավական հիմքից, մասնավորապես, հակասում է Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության ինքնուրույն կողմ ճանաչելու մասին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմանը (1994թ.)` առանց «համայնքներըե հիշատակելու: Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը կախված չի եղել հայերի և ադրբեջանցիների փոխհամաձանյության առկայությունից: Լեռնային Ղարաբաղի նախկին ադրբեջանցի բնակիչները, ում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից հնարավորություն էր տրվել մասնակցել քվեարկությանը և երկրի ճակատագրի որոշմանը, նախընտրել էին հեռանալ Ղարաբաղից և նորահռչակ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ դառնալ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես կարծում է ղարաբաղյան կողմը, ԼՂՀ քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի նախկին ադրբեջանցի բնակիչների միջև կառուցողական երկխոսությունը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավաբանորեն ճանաչումից հետո:
«Միայն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունների ուղղակի բանակցություններն են ընդունակ կոնկրետ արդյունք ապահովել խնդրի համապարփակ լուծման և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման առումով»,- ասվում է հայտարարության մեջ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-