Թուրքիան կարող է կարևոր դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, նախօրեին հայտարարել է ԵԱՀԿ նորընտիր գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը թուրքական Today's Zaman պարբերականին տված բացառիկ հարցազրույցում:
«Ես խոսում եմ ոչ թե բանակցություններում Թուրքիայի պաշտոնական դերի մասին, այլ (այդ գործընթացում Անկարայի- Նովոստի-Արմենիա) իրական արտահայտման մասին: Թուրքիան սահմանակից է հակամարտությունում ներգրավված երկու երկրներին»,- ասել է Զանյերը:
Գլխավոր քարտուղարի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է թեթևացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը 1994 թվականից, բայց բոլոր փորձերն ապարդյուն են, և առաջընթաց չի նկատվում:
Ինչպես նշում է Զանյերը, հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի բոլոր փորձերն արդյունավետ չեն բուն հակամարտության էության պատճառով: «Մենք կանենք հնարավորինը, բայց իրավիճակը խնդրահարույց է մնում»,- ասել է նա:
«Հենց հակամարտող կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն պատմական հակամարտության լուծման համար, սակայն հարց է ծագում՝ պատրաստ են, արդյո՞ք, կողմերը փոխզիջումների գնալ»,- ընդգծել է Զանյերը:
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն հետագայում էլ անհրաժեշտ բոլոր պայմանները կստեղծի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, և «եթե մենք չենք կարող լուծել խնդիրը, ապա պետք է խանգարենք դրա խորացմանը»,- հավելել է Զանյերը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-