Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցից հետո հայտարարություն են տարածել՝ ընդգծելով խնդրի շուրջ ընթացող բանակցությունների մթնոլորտի էական բարելավման անհրաժեշտությունը:
Հայտարարությունում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հոկտեմբերի 21-24-ը Երևան, Բաքու և Լեռնային Ղարաբաղ կատարած այցի շրջանակներում «հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ»:
Համանախագահներն ընդգծել են, որ կողմերին անհրաժեշտ է էապես բարելավել բանակցությունների մթնոլորտը, բարձրացնել վստահությունը և ամրապնդել հրադադարի ռեժիմը՝ խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթացի հետագա առաջընթացի ապահովման համար:
Հայտարարությունում նշվում է, որ միջնորդները հանդես են եկել տարբեր բնագավառներում վստահության ամրապնդման մի շարք առաջարկություններով:
«Կողմերը սկզբունքային համաձայնություն են տվել ճակատային գծում միջադեպերի քննության մեխանիզմի նախագծի վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում:
Համանախագահները հիշեցրել են, որ մարտին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունում արտահայտվում է այդ ուղղությամբ տարվող աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը:
Հայտարարությունում ընդգծվում է, որ համանախագահները նաև առանձին հանդիպում են անցկացրել Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի, ինչպես նաև Կովկասի մուսուլմանական վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հետ բնակչությանը խնդրի արդար, ամուր և խաղաղ կարգավորմանը նախապատրաստող հարցերի քննարկման համար:
Փաստաթղթում նշվում է, որ հոկտեմբերի 22-ին վերջին 14 ամիսների ընթացքում համանախագահները չորրորդ անգամ հատել են Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գիծը:
«Այդ հատումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ շփման գիծը հարևան ժողովուրդների միջև մշտական անջրպետ է, և ցույց է տալիս կողմերի պատրաստակամության դեպքում ռազմական համակարգման հնարավորությունը»,- նշվում է փաստաթղթում:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-