Ադրբեջանի իշխանությունները փորձում են ազատվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից, հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների Համահայկական համաժողովի ընթացքում:
Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների աննախադեպ համահայկական համաժողով է սկսվել երկուշաբթի Երևանում աշխարհի 45 պետություններից, այդ թվում՝ ԱՊՀ բոլոր երկրներից (բացառությամբ Ադրբեջանի) ժամանած ավելի քան 500 ներկայացուցիչների մասնակցությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Հայաստանի և Ղարաբաղի նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը:
«Ադրբեջանական իշխանությունները այժմ հասել են մի իրավիճակի, երբ Բաքվի մոտեցումներն ակնհայտ հակասում են միջազգային հանրության մոտեցումներին, իսկ այն, ինչ նրանք մատուցում էին սեփական ժողովրդին, ակնհայտ կեղծիք էր: Այժմ նրանք փորձում են ազատվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած հիմնարար սկզբունքներից»,- ասաց նա:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ Մադրիդյան սկզբունքներ անվան տակ հայտնի հիմնարար սկզբունքները Հայաստանին և Ադրբեջանին են ներկայացվել Ֆրանսիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի կողմից 2007 թվականի նոյեմբերին՝ Իսպանիայի մայրաքաղաքում: Մադրիդյան սկզբունքների հիմնական դրույթները նախատեսում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումն ազատ կամարտահայտման միջոցով:
Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին, չկարողանալով պաշտպանել սեփական շահերը բանակցային գործընթացում, Ադրբեջանը փորձեց նավթադոլարներն օգտագործել որպես հակամարտությունն իր օգտին լուծելու գործոն:
«Եվ դա նրան չհաջողվեց: Նման քաղաքականությունն անընդունելի է, և մեր քայլերը համարժեք կլինեն: Բաքվի նոր ավանտյուրաների դեպքում Հայաստանը չի մոռանա ևս մեկ անգամ Ադրբեջանին խաղաղության դրդել»,- ընդգծեց Նալբանդյանը:
ԱԳՆ ղեկավարը նշեց, որ 2007 թվականից մշակվել են հիմնարար սկզբունքների մի քանի տարբերակներ, սակայն Ադրբեջանը չհամաձայնեց և ոչ մեկին՝ ամեն անգամ բազմաթիվ փոփոխություններ առաջարկելով, ինչի պատճառով էլ չի հաջողվում առաջընթաց գրանցել հակամարտության կարգավորման հարցում:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-