ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վերջին շրջանում զգալիորեն խստացել է ՌԴ-ի դիրքորոշումը պաշտոնական Բաքվի նկատմամբ ղարաբաղյան հիմնախնդրի հարցում, կարծում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը։
Օգոստոսի սկզբին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Վրաստանին խաղաղություն հարկադրելու օպերացիան, որը 2008թ.-ին Հարավային Օսեթիայում անցկացրեց Ռուսաստանը, «լուրջ դաս» է դարձել Հայաստանի և Ադրբեջանի համար։
«Հնարավոր է՝ կողմերի միջև դեռ հանդիպումներ լինեն, սակայն պակաս հաճախականությամբ։ Մեդվեդևի հայտարարությունն առանցքային նշանակություն է ունեցել։ Պատերազմի ավարտից հետո՝ վերջին 17-20 տարիների ընթացքում ռուսական կողմը նման խիստ հայտարարություններ չի արել։ Դա պատահական փիառ չէր»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը։
Քաղաքագետն ընդգծեց, որ Բաքվի հանդեպ պաշտոնական Մոսկվայի խստացված դիրքորոշման վկայություն է այն փաստը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների հերթական գագաթնաժողովին։
Միաժամանակ նա ավելացրեց, որ հիմա պետք չէ առանձնակի առաջընթաց ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-