ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը փորձում է թույլ չտալ, որ Ղարաբաղում ռազմական գործողություններ վերսկսվեն: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Մեկնաբանելով նախօրեին երեկոյան Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ինչպես նաև նախորդ շաբաթ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը՝ ռուս-վրացական պատերազմից քաղած դասերի մասին, Բաբայանը նշեց, որ «այսօրվա դրությամբ առաջնահերթ խնդիրը խաղաղություն պահպանելն է»:
«Տվյալ պահին, գուցե, առավել կարևոր խնդիրը, որի լուծմանն է ուզում հասնել Ռուսաստանը, պատերազմ չլինելու խնդիրն է, քանի որ պատերազմի վերսկսումը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ տարբեր երկրների համար»,- նշել է Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարը:
Օրերս ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում Մեդվեդևը հայտնել է, որ 2008թ.-ին Հարավային Օսեթիայում տեղի ունեցած հնգօրյա պատերազմը «լուրջ դաս է դարձել Հայաստանի և Ադրբեջանի համար»:
Բաբայանը վստահ է, որ այդ «մեսիջի» հասցեատերն Ադրբեջանն է: «Վերջին տարիներին Ադրբեջանը բավական հստակ է ցուցաբերում իր ռազմատենչ դիրքորոշումը, մեծ ծախսեր է անում զինամթերքի գնման համար և այլն: Եվ այդ մրցավազքը հանգեցնում է նրան, որ Ադրբեջանն աստիճանաբար կորցնում է իրականության զգացումը և արդեն սկսում է առավել չմտածված քայլեր անել, փորձում է ուժի օգնությամբ լուծել հարցը, ինչն, իհարկե, անհնար է, իսկ դա արդեն վտանգավոր զարգացումների է հանգեցնում: Ադրբեջանին հատկապես անհրաժեշտ է հասկացնել, որ պատերազմն անընդունելի է»,- նշեց նա:
Բաբայանը կարծում է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մի շարք այլ համանախագահ երկրների հետ պետք է ցույց տա, որ ռազմական գործողությունների վերսկսումն անցանկալի է, և անգամ եթե դրա այլընտրանքն անվերջանալի բանակցություններն են, ապա դա պետք է որպես հիմք ընդունվի: «Եվ դա, կարծում եմ շատ կարևոր է»,- ընդգծեց նա:
Ինչպես նա է կարծում, Ռուսաստանի և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով այլ միջնորդ երկրների համար այսօր առավել շահավետ է ստատուս քվոյի պահպանումը, քան ռազմական գործողությունների վերսկսումը:
Բաբայանը դա նաև կապում է այն բանի հետ, որ Ռուսաստանում և տարածաշրջանի երկրներում հաջորդ տարի նախընտրական գործընթացներ են սպասվում: Այդ առումով, Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարը կարևորել է օգոստոսի 9-ին Սոչիում կայացած ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, ինչպես նաև օգոստոսի 12-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի ընթացքում քաղաքական շրջանակները հնարավոր են համարում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Մեդվեդևի հանդիպումը:
«Դա, ինչպես ինձ է թվում, վերջին, այսպես ասած կարևոր հանդիպումներից մեկն է, որի ընթացքում վերջնականորեն և շատ հստակ պետք է գրանցվի պատերազմի անթույլատրելիության սկզբունքը»,-նշել է Բաբայանը: «Բոլոր կողմերը ցանկանում են ընտրությունները նորմալ մթնոլորտում անցկացնել, այլ ոչ թե, ասենք, ռազմական գործողությունների ժամանակ՝ անկանխատեսելի հետևանքներով»,- ավելացրեց նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-