Դովիլի հայտարարությունը հստակ հասցեագրված ուղերձ է. Ֆրանսիայի դեսպան
Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի՝ Դովիլում ընդունած հայտարարությունը հստակ հասցեագրված ուղերձ է, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Անրի Ռենոն:
«Սա շատ ուժեղ և ուղիղ հայտարարություն է»,- ընդգծեց դեսպանը:
Նախորդ հինգշաբթի Դովիլում ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլյա Սարկոզիի կողմից ընդունած հայտարարությունում նշվում է, որ հակամարտության գոտում ուժի կրկնակի կիրառումը կդատապարտվի միջազգային հանրության կողմից:
Փաստաթղթում նաև կոչ է արվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին քաղաքական կամք դրսևորել և ավարտել աշխատանքը Հիմնական սկզբունքների ուղղությամբ 2011 թվականի հունիսին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում:
Ռենոն նշեց, որ եկել է խաղաղ կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի ժամանակը, և հույս հայտնեց, որ առաջիկայում երեք նախագահների հորդորը կյանքի կկոչվի:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

