ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էվթիմիուն (Petros Efthymiou) նախօրեին Հունաստանում ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենագործուն ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը», - հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Էվթիմիուի խոսքերը ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:
Ինչպես կարծում է ԵԱՀԿ ԽՎ նախագահը, հարցը չի կարելի տեղափոխել այլ կառույց:
Աբրահամյանն իր հերթին կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը մշտապես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ուշադրության կենտրոնում պահելու փաստը և այս համատեքստում ընդգծեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի միակ և գործուն ձևաչափ:
«Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով և կարևորում է վստահության մթնոլորտի հաստատումը` բանակցությունները կառուցողական ուղով շարունակելու համար», - ասել է Աբրահամյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-