Պաշտոնական Բաքուն ընդունում է Թեհրանի առաջարկությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդության վերաբերյալ, բայց Երևանից առայժմ պատասխան չկա, ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթաքին Թեհրանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, երկուշաբթի տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բաքվի ANS հեռուստաալիքին։
«Մենք կարող ենք հավաքվել Թեհրանում երեք երկրների (Ադրբեջան, Հայաստան, Իրան) արտգործնախարարների մակարդակով և քննարկել հակամարտության կարգավորումը։ Ադրբեջանն այս առաջարկությանը դրական պատասխան և համաձայնություն է տվել։ Սակայն, մենք առայսօր սպասում ենք հայկական պետության պատասխանին»,- ասել է Մոթաքին՝ պատասխանելով հակամարտությունում Իրանի հնարավոր միջնորդության վերաբերյալ հարցին։
Մեկնաբանելով տվյալ տեղեկատվությունը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովն ասել է ՌԻԱ Նովոստիին, որ «Բաքուն դրական է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդության իրանական նախաձեռնությունը»։
«Մենք կարծում ենք, որ Իրանը, որպես Ադրբեջանին և Հայաստանին հարևան երկիր, տիրապետում է հակամարտության արդար կարգավորման վրա դրական ազդեցության մեխանիզմների, առավել ևս, երբ ունի այդ գործընթացին 90-ականների սկզբներին մասնակցության փորձ»,- ասաց Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը, նշելով, որ Իրանը միշտ կողմ է հանդես եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-