Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում, տեղի կունենա 2010 թվականի սկզբին, հաղորդում է Բաքվի Trend տեղեկատվական գործակալությունը՝ հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովին:
Ալիևի և Սարգսյանի վերջին հանդիպումը, որը երկու կողմն էլ դրական գնահատեց, տեղի էր ունեցել նոյեմբերի 22-ին Մյունխենում:
«Մինչև Ամանոր քիչ ժամանակ է մնացել, կարծում եմ՝ մենք չենք հասցնի պատրաստել նախագահների հանդիպումը մինչև դեկտեմբերի վերջը»,- Մոսկվայից հեռախոսով Trend գործակալությանն է հայտնել Մերզլյակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա հայտնել է նաև, որ ԵԽ ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահները ընթացիկ շաբաթում կայցելեն Հայաստան և Ադրբեջան:
«Կողմերի հետ հանդիպման ժամանակ կշարունակվեն մադրիդյան սկզբունքների խմբագրված տարբերակի քննարկումները»,- ասել է Մերզլյակովը:-0-