ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր չի լինի, եթե Հայաստանն իր զորքը դուրս չբերի «օկուպացված ադրբեջանական հողերից», հինգշաբթի հայտարարեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը ԱՄՆ Եվրահրամանատարության հրամանատար Ջոն Կրադոքի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե Հայաստանn իր զինված ուժերը դուրս չբերի «օկուպացված ադրբեջանական հողերից», տարածաշրջանում լարվածությունn ավելի կխորանա, և ԼՂՀ հակամարտության հայ-ադրբեջանական կարգավորումը խաղաղ ճանապարհով առանց զենքի կիրառման անհնարին կլինի»,- Աբիևի խոսքերը մեջ են բերում Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Նրա խոսքերով, հենց այդ պատճառով է, որ եվրոպական երկրները և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները պետք է «խստացնեն Հայաստանի վրա ազելու միջոցները»։ Հակառակ դեպքում անցանկալի գործընթացներն անխուսափելի են»,- ասել է Աբիևը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-