Ռուսաստանը կողմ չէ հետխորհրդային տարածքում հակամարտությունների ուժային լուծմանը. դեսպան

14.08.2008, 14:22
Ռուսաստանը կողմ չէ հետխորհրդային տարածքում հակամարտությունների ուժային լուծմանը. դեսպան
Ռուսաստանը կողմ չէ հետխորհրդային տարածքում հակամարտությունների ուժային լուծմանը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ -ում ՌԴ արտակարգ և  լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը հայտարարեց, որ իր երկիրը չի սատարում հետխորհրդային տարածքում հակամարտությունների ուժային լուծմանը։

«Ոչ Ռուսաստանի Դաշնությունը, ոչ էլ համայն մարդկությունը կողմ չէ խնդիրների լուծման ուժային տարբերակներին»,- հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Պավլովը։

Նրա խոսքերով, բոլոր հակամարտությունները, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտությունը, պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին՝ դեսպանն ասաց, որ «Ռուսաստանը կարծում էր, կարծում է և շարունակելու է կարծել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ամենահաջող բանակցային ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»։

«Այլ ձևաչափ, ես գտնում եմ, ղարաբաղյան խնդրի լուծման համար պետք չէ։ Ամենակարևորը, որ բանակցային գործընթացն ընթանում է, արտաքին գործերի նախարարները հանդիպում են, շարունակվում են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումները։ Դա հույս է ներշնչում, որ խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով»,- նշեց Պավլովը։

Ռուս  դեսպանը նշեց նաև, որ Վրաստանի՝ ուժային ճանապարհով տարածքային խնդրի լուծման փորձը, որ բերեց հումանիտար աղետի, դաս կլինի մյուս քաղաքական գործիչների համար, «ովքեր փայփայում են այն միտքը, թե որևէ խնդիր կարելի է լուծել ռազմական ճանապարհով»։ «Ես կարծում եմ, որ սա լավ դաս էր»,- ասաց Պավլովը։

Իր հերթին, վրաց-օսական հակամարտության կարգավորման Խառը վերահսկիչ հանձնաժողովի ռուսական մասի ղեկավար, հատուկ հանձնարարականների դեսպան Յուրի Պոպովն ընդգծեց, որ յուրաքանչյուր հակամարտություն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով։ «Ուժի ցանկացած գործադրում բերում է մարդկային տառապանքների և արյան: Արյուն ոչ ոքի պետք չէ»։-0-