Ղարաբաղի իշխանությունները քայլեր են ձեռնարկում սահմանին փոխհրաձգության հաճախականությունը պակասեցնելու համար

27.05.2008, 17:24
Ղարաբաղի իշխանությունները քայլեր են ձեռնարկում սահմանին փոխհրաձգության հաճախականությունը պակասեցնելու համար

Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունները բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկում են ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում փոխհրաձգությունը պակասեցնելու ուղղությամբ, հայտարարեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

«Շփման գծում պարբերաբար կրակոցներ են հնչում, և մենք անում ենք հնարավոր ամեն բան, որ պակասեցնենք դրանց հաճախականությունը»,- երեքշաբթի լրագրողներին Երևանում ասաց Սահակյանը։

Նա նշեց, որ այս կապակցությամբ ինչպես ԼՂՀ պաշտպանության բանակը, այնպես էլ երկրի իշխանությունները անընդհատ համապատասխան միջոցներ են ձեռնարկում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերավար հայտարարություններ է տարածում շփման գծում կրակը դադարեցնելու ռեժիմը խախտելու մասին, սակայն հայկական կողմը հերքում է նման լուրերը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-