Ղարաբաղյան հակամարտության ներկայիս գործընթացը՝ փուլային և փաթեթային տարբերակների խառնուրդ է. Կազիմիրով
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության ներկայիս գործընթացը՝ փուլային և փաթեթային տարբերակների խառնուրդ է, ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը։
«Եթե կարգավորման գործընթացի սկզբում հայկական կողմը փաթեթում ներդնում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման փաթեթը, ապա այսօր նա գնացել է այդ կարգավիճակի հաստատմանը, տվյալ դեպքում, քվեարկության կամ հանրաքվեի միջոցով»,- ասաց նա երեքշաբթի Երևանում՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
Այս կապակցությամբ Կազիմիրովը նշեց, որ նման տարբերակը թեև փաթեթային է, բայց վերջնական չէ, քանի որ հակամարտության յուրաքանչյուր կողմ յուրովի է հասկանում ապագա քվեարկության գործընթացի արդյունքը։
«Հայերը դա հասկանում են որպես որոշում՝ հօգուտ Լեռնային Ղարաբաղի, իսկ ադրբեջանցիները կարծում են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է անպայման պահպանվի»,- պարզաբանեց դիվանագետն, ավելացնելով, որ քաղաքագետները և լրագրողները վերլուծության մեթոդով «արդեն զգացել են գործարքների հիմնական գծերը, և թե ով ինչում պետք է փոխզիջում կատարի»։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-