Խոսակցությունը եղել է ենթատեքստով, որ մեզ ազատեն, և հեղափոխությունը դուրս գա օրակարգից․ Փաշինյանը՝ 2018թ․–ին մեկուսարանում Կարեն Կարապետյանի հետ հանդիպման մասին (ՎԻԴԵՈ)

12.11.2025, 13:58
Փաշինյանը պատմել է, թե 2018թ․–ի հեղափոխության օրերին մեկուսարանում ինչ են խոսել այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Կարեն Կարապետյանի հետ
Խոսակցությունը եղել է ենթատեքստով, որ մեզ ազատեն, և հեղափոխությունը դուրս գա օրակարգից․ Փաշինյանը՝ 2018թ․–ին մեկուսարանում Կարեն Կարապետյանի հետ հանդիպման մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է 2018թ․–ի հեղափոխության օրերին մեկուսարանում իր և այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Կարեն Կարապետյանի հանդիպմանը։    

«Կարեն Կարապետյանը եկել է ու խոսել Սերժ Սարգսյանի անունից և ասել, որ իրենք ինձ ազատում են, և հեղափոխական պրոցեսը չի շարունակվում, ես ասել եմ՝ ոչ», – ասաց Փաշինյանը։ 

Նա հայտնեց, որ խոսակցությունը եղել է ենթատեքստերով, և Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը՝ որպես բոլորի կողմից ընդունելի թեկնածու, ստանձնի իշխանությունը: 

«Ես ասել եմ՝ դա ընդունելի չի ինձ համար, և Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Որից հետո Կարեն Կարապետյանը գնացել է և վերադարձել՝ ասելով, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկում է, որ դա տեղի ունենա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո: Ես ասել եմ՝ դա անընդունելի է, ես չեմ ընդունի այդ տարբերակը: Որից հետո գնացել է, հետո վերադարձել ու ասել, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ հունիսին»,- ասաց Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ ինքը դարձյալ մերժել է՝ ասելով, որ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը կամ առավելագույնը՝ մյուս օրը: 

Դրանից հետո, ըստ վարչապետի, Կարապետյանը գնացել եկել է ու ասել, որ այդ պայմանն ընդունելի է: