Կարող ենք ապացուցել, որ Հայաստանի Սահմանադրության մեջ որևիցե տարածքային պահանջ չկա Ադրբեջանի նկատմամբ․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կարող ենք դե յուրե և գործնականում ապացուցել, որ Հայաստանի Սահմանադրության մեջ որևիցե տարածքային պահանջ չկա Ադրբեջանի նկատմամբ։
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատում գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրում այդ հարցերին արդեն անդրադարձ կատարվել է, և համաձայնագրի հոդվածում կա դրույթ, որի համաձայն Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը` հաշվի առնելով խորհրդային ժամանակների վարչական սահմանները։
«Դրա հիման վրա Հայաստանը և Ադրբեջանը որևէ տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ և պարտավորվում են այդպիսի պահանջներ չբարձրացնել, չներկայացնել ապագայում»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց նաև, որ նախաստորագրված համաձայնագրում ևս 1 դրույթ կա, որի համաձայն կողմերից ոչ մեկը իրավունք չունի իր ներպետական օրենսդրությունը մեջբերել, վկայակոչել՝ չկատարելու համար այս համաձայնագիրը։
«Ավելին, մեր Սահմանադրության մեջ դրույթ կա, որի համաձայն վավերացված միջազգային փաստաթղթերը ավելի բարձր իրավաբանական ուժ ունեն, քան ներպետական օրենսդրությունը»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ եթե ՍԴ-ն որոշի, որ համաձայնագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ինքն անձամբ կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ։
Վարչապետը նաև նշեց, որ դեռ 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի օրակարգ՝ ընդունելու նոր Սահմանադրություն, և վերջերս կուսակցության համագումարի հռչակագրում իրենք հռչակեցին, որ ժողովրդից նոր մանդատ ստանալուց հետո իրենք կնախաձեռնեն ամբողջովին նոր Սահմանադրության ընդունումը։
Փաշինյանը վստահություն հայտնեց, որ ժողովուրդը կքվեարկի նոր Սահմանադրության օգտին, քանի որ դա վերաբերում է մեր ժողովրդավարության, պետականության և անկախության ամրապնդմանը, ինչպես նաև հնարավոր է, որ այն ունենա նաև որոշ տարածաշրջանային ու միջազգային ազդեցություն։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը բազմիցս հայատարարել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ վերացնելու «տարածքային պահանջները»։

