Ղարաբաղյան խնդիրը զսպող գործոն չէ եվրասիական ինտեգրման համար, որը կրում է տնտեսական բնույթ, կարծում է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Մենք նպատակ չունենք մեր ինտեգրացիոն ջանքերով կանխագուշակել միջազգային ձևաչափերի աշխատանքը, որոնք զբաղվում են այդ հարցով։ Դրանով ակտիվորեն զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբն, ու բոլոր ձևաչափերն ուժի մեջ են մնում», – հայտարարեց Պոլյանսկին «Եվրասիական ընտրություն – Հայաստան -2013» թեմայով Մոսկվա–Երևան տեսակամուրջի ընթացքում։
Նա նաև ավելացրեց, որ ղարաբաղյան գործոնը որևէ դերակատարություն չի ունեցել ԱՀԿ–ին Հայաստանի միանալու գործընթացում կամ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ծրագրերում։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։
ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։
Նախօրեին Գերագույն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտնել է, որ Ղազախստանը պատրաստ է ստորագրել Մաքսային միության կազմում Հայաստանի անդամակցության մասին «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով, քանի որ Մաքսային միության սահմանների մասին հարցը պարզաբանումներ է պահանջում` Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված։ «Այդ պատճառով մենք գործընկերների հետ միասին կստորագրենք «ճանապարհային քարտեզները», սակայն հատուկ ուշադրությամբ, որի մասին կզեկուցվի», – ասել է Նազարբաևը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-