Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2011թ.-ին հանցագործութան 368 դեպք է գրանցվել՝ 2010թ.-ի 467-ի դիմաց, 2011թ.-ի գերատեսչության օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքներին նվիրված ԼՂՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ հայտնել է ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:
Ըստ նրա՝ անցած տարի հանցագործությունների քանակը նվազել է 21,2 տոկոսով կամ 99 դեպքով, ընդ որում գրանցված հանցագործություններից 80-ը կամ յուրաքանչյուր չորրորդ հանցագործությունը կատարվել է նախորդ տարիներին:
«Նշված 80 հանցագործություններից 30-ը կամ 37,5 տոկոսը տնտեսական հանցագործություններ են, քրեական հետախուզության գծով իրականացված 44 հանցագործություններից 21-ը կամ 47,7 տոկոսը կողոպուտներ են, որոնք բացահայտվել են քրեական գործի նախնական քննության ընթացքում, որոնք հարուցվել են նախորդ տարիներին և վերսկսվել են հաշվետու ժամանակահատվածում»,- նշել է Հակոբյանը:
Ղարաբաղի Ոստիկանության ղեկավարի տեղակալը տեղեկացրել է, որ հանցագործությունների աճ է գրանցվել ԼՂՀ Ասկերանի և Շահումյանի շրջաններում, իսկ Ստեփանակերտում և հանրապետության մնացած շրջաններում այդ ցուցանիշի նվազում է գրանցվել:
Նա նաև հայտնել է, որ 2011թ.-ին իրականացված միջոցառումների արդյունքում՝ Ղարաբաղում պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակը:
ԼՂՀ ոստիկանության կոլեգիայի նիստին ներկա են եղել ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Գարամյանը, տարածքային ստորաբաժանումների և Ոստիկանության ծառայության ղեկավարները: -0-