ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Մեջլիսը՝ Իրանի խորհրդարանն այսօր քվեարկել է Պենտագոնն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու օգտին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Fars գործակալությանը:
Օրենքի տեքստի համաձայն՝ ահաբեկիչների թվում ներառվել են «Պենտագոնի բոլոր անդամները և դրա հետ կապված վարչություններն ու կազմակերպությունները, ինչպես նաև ղեկավարները, ովքեր մասնակից են («Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (Իրանի ԶՈւ–ի էլիտար ուժեր) «Ալ Կուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար) Ղասեմ Սուլեյմանիի մահվանը»:
Օրինագծի օգտին քվեարկել է 228 պատգամավոր: Մեջլիսի քվեարկությանը մասնակցել էր ընդամենը 238 ժողովրդական պատգամավորներ:
Նախագիծն իրենից ներկայացնում է Իրանում անցած տարվա ապրիլին ընդունված օրենքի ուղղումը, որի շրջանակում ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը (Սենտկոմը) ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն: Տեքստի համաձայն՝ «Մերձավոր Արևելքում տեղակայվող բոլոր ամերիկյան ուժերը ահաբեկչական են, իսկ ԱՄՆ կառավարությունը՝ ահաբեկչության հովանավոր»:
Օրենքն ընդունվել է ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապրիլի 8-ի որոշման, ըստ որի ԻՀՊԿ-ն (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) ներառվել է արտերկյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
Հիշեցնենք, որ հունվարի 3–ին ԱՄՆ–ի հրթիռային հարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (Իրանի ԶՈւ–ի էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սուլեյմանին։ Հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացել է, որ «Իրանն ու տարածաշրջանի մյուս երկրները վրեժխնդիր կլինեն ԱՄՆ–ից»։-0-