ՀՀ-ն և ԵՄ-ն շարունակում են ակտիվ աշխատանքները ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ

11.08.2025, 11:15
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
ՀՀ-ն և ԵՄ-ն շարունակում են ակտիվ աշխատանքները ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարար Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել առկա սերտ համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Նա ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ առանձնացնելով հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքները։

Դեսպան Մարագոսը կարևորել է ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը, ինչը տեսանելի արդյունքներ է տալիս։ Նա նաև անդրադարձել է գործողությունների ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կողմից իրականացվող աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապագայում նախատեսվող համատեղ ծրագրերը, բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպման հնարավորությունները, վիզաների ազատականացման ուղղությամբ ԵՄ անդամ երկրների հետ համագործակցությունը, սահմանների կառավարման բարեփոխումները, ՀՀ քաղաքացիության ինստիտուտի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև կոռուպցիայի և թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումները։

Քննարկվել է նաև հանցավորության դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ի կողմից աջակցության, հանցավորության հուսալի վիճակագրության ներդրման գործընթացի, ինչպես նաև Եվրոպոլի և Ֆրոնտեքսի հետ համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր։

Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսություն

ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թ.-ի սեպտեմբերին: 2025 թ.-ի փետրվարի 10-14-ը ԵՄ փորձագետների առաջին առաքելությունը այցելել է Հայաստան՝ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակում: Այցի նպատակն էր իրականացնել Հայաստանի պատրաստվածության համապարփակ գնահատում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների և միգրացիայի կառավարումը, ինչը կնպաստի մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակմանը: