Հայաստանում շատ խնդիրներ մնում են չլուծված, քանի որ մենք չգիտենք լուծումը. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանում շատ խնդիրներ չեն լուծվում, որովհետև մենք չգիտենք խնդիրների լուծումը։ Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք գիտելիք չունենք և մասնագետների պակաս ունենք: Մարդկային ռեսուրսի պակասի խնդիր ունենք ու սրա մասին ընդունված չէ խոսել: Մենք, մինչև չառերեսվենք սրան, չի ստացվելու մեր մոտ ոչ մի բան: Մենք չենք խոստովանում, որ Հայաստանում շատ խնդիրներ չեն լուծվում, որովհետև մենք չգիտենք խնդիրների լուծումը։ Ավելին, մենք շատ դեպքերում չգիտենք խնդրի պարամետրը, խնդիրը գիտենք: Մեր հանրահաշվի ուսուցչուհին ասում էր՝ ձայն ես լսել, բայց չգիտես՝ որտեղից է»,-ասել է վարչապետը:
Փաշինյանն ասել է, որ պետք է խոստովանել, որ շատ հարցեր հռչակում ենք և չենք կարողանում լուծել: Դա, ըստ նրա, կապված է գիտելիքի բացակայության հետ:
Հետևաբար, ամեն ինչ հանգում է բաժակաճառերին, ասել է նա։
«Բայց բաժակաճառի ժանրը ենթադրում է նաև գիտելիք։ Ինչո՞վ է բաժակաճառը տարբերվում գործողությունից։ Բաժակը չի ենթադրում բացատրություն, հիմնավորում կամ իրականացման ծրագիր», - ասել է Փաշինյանը։

