Հայաստանում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ․ Արշակյանը՝ ԱԺ ընտրություններում չառաջադրվելու մասին

02.12.2025, 14:51
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ չի առաջադրվելու  2026 թ.-ի խորհրդարանական ընտրություններում
Հայաստանում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ․ Արշակյանը՝ ԱԺ ընտրություններում չառաջադրվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ չի առաջադրվելու 2026 թ.-ի խորհրդարանական ընտրություններում։

«Ես տեսնում եմ, որ Հայաստանում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ իմ կուտակած փորձով, գիտելիքներով։ Ուստի, չեմ ցանկանում ավելորդ համեստություն անել՝ ասելով, որ իսկապես տեսնում եմ այդտեղ իմ պետությանը և ժողովրդին ավելի մեծ ծառայություն մատուցելու՝ ին հնարավորությունը»,-ասել է նա։

Նա նշել է, որ պատճառները տարբեր են։

«Ես չեմ ընդգրկվել այս ցուցակում` տեսադաշտում ունենալով այն, որ ինձ ավելի էֆեկտիվ եմ համարում Հայաստանում բիզնեսի, տեխնոլոգիաների, ռազմաարդյունաբերության զարգացման, ինչպես նաև, Հայաստանի մրցակցային առումով բարձրացման տեսանկյունից», - ասաց Արշակյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը հիմա գնում է այն ճանապարհով, որ ապաշրջափակում է տեղի ունենալու, Հայաստանի շուրջ բոլոր ճանապարհները ապաշրջափակվելու են, և այս առումով Հայաստանում տնտեսությունը կարիք ունի մրցակցային լինելու, որպեսզի կարողանա դիմանալ իր շուրջը գտնվող երկրներին։

ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց նաև, որ կուսակցությունից դուրս գալու դիմում չի գրել, քանի որ իր գործունեությանը կուսակցական գործունեությունը չի խանգարում։

«Երբ մենք խոսում ենք գործարարության մասին, ընդհանրապես ինձ համար գործարարությունը քաղաքականությունից անկախ երևույթ է և այն կետերում, որտեղ որ այդտեղ շահերի բախում կարող է առաջանալ, ես ընտրում եմ գործարարությունը», - ասաց ԱԺ փոխնախագահը։

Արշակյանի խոսքով՝ ինքն ունի հնարավորություն՝ ընտրելու, թե որտեղ ինքն ավելի էֆեկտիվ կլինի։