Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն Ադրբեջան․ ԱԽ քարտուղար

03.11.2025, 21:15
Նա նշել է, որ նման փոխայցելությունները կնպաստեն երկու հասարակությունների միջև փոխադարձ վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը՝ միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն Ադրբեջան․ ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Առաջիկայում սպասվում է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կայցելեն Ադրբեջան, հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Օգոստոսի 8-ից հետո Հայաստանը և Ադրբեջանը նպատակաուղղված ջանքեր են գործադրել ձեռք բերված առաջընթացը ամրապնդելու և երկխոսությունը խորացնելու համար։ Օրինակ՝ հոկտեմբերի 21-22-ին առաջին անգամ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունը այցելեց Հայաստան՝ երկկողմ կլոր սեղանի մասնակցելու համար», - նշել է Գրիգորյանը՝ ելույթ ունենալով Բրյուսելում Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական ընկերության կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» համաժողովում։

Նրա խոսքով՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունից առաջ, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը այցելել է Բաքու՝ մասնակցելու Միջազգային անվտանգության ֆորումին։

«Նման փոխայցելությունները կնպաստեն երկու հասարակությունների միջև փոխադարձ վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը՝ միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև», - ասել է Գրիգորյանը։