Հայաստանի պատմության ընթացքում երկրորդ համաշխարհային պատերազմի մարտիկներին նվիրված որևէ հուշարձան չի ենթարկվել ոտնձգության․ ԱԳՆ

08.05.2020, 14:52
Հայաստանի պատմության ընթացքում երկրորդ համաշխարհային պատերազմի մարտիկներին նվիրված որևէ հուշարձան չի ենթարկվել ոտնձգության․ ԱԳՆ
Հայաստանի պատմության ընթացքում երկրորդ համաշխարհային պատերազմի մարտիկներին նվիրված որևէ հուշարձան չի ենթարկվել ոտնձգության․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/ .ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի՝ «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ մեկնաբանություններին։

Ալիևը հայտարարել է, որ «ցավոք, Հայաստանում ֆաշիստ ոճրագործների հերոսացումը նորմ է դառնում», նկատի ունենալով այս համատեքստում ազգային հերոս Գարեգին Նժդեհի՝ Երևանում տեղադրված հուշարձանը: Ալիևը նաև հայտարարել է, որ «Վարչապետը (Հայաստանի Նիկոլ Փաշինյանը - խմբ.) պաշտպանել է այդ հանցագործին: […] Այդ ամենը մեծ զարմանք է առաջացնում, ինչես նաև հանգեցնում է այն մտքին, որ Հայաստանի Իշխանությունը կարող է փոխվել, սակայն ռեժիմը մնում է նույնը»:

Նաղդալյանը նշել է, որ Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակը լավ առիթ է՝ վերհիշելու և հարգանքի տուրք մատուցելու համաշխարհային չարիքի դեմ պայքարի ելած և հաղթանակած բոլոր ժողովուրդների զոհողությանը և միասնությանը: 

«Համոզված ենք, որ պատմական հիշողությունը մարդկային արժանապատվության կարևորագույն արժեքն է, իսկ այդ պատմական հիշողության կեղծումը և այն նեղ քաղաքական շահերին ծառայեցնելու փորձերը վկայում են, որ դրանց հեղինակները չունեն ոչ պատմության, ոչ արժանապատվության և ոչ էլ հիշողության զգացում։

Ցավով պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձ արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարված հաղթանակի 75-ամյակը ծառայեցնելու հայ ժողովրդի հանդեպ տասնամյակներ վարվող իր թշնամական քարոզչությանը»,- ասել է Նաղդալյանը։ 

Նա նշել է, որ հայ ժողովրդի ներդրումը երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների հաղթանակի գործում ոսկե տառերով է գրված համաշխարհային պատմության էջերին: 

Загружается новость ... "Лево"
«Մենք հպարտությամբ ենք հիշում բոլոր հերոս հայորդիների անունները թե Կարմիր բանակի և նրա ազգային դիվիզիաների, թե հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկրների բանակներում, թե դիմադրության շարժման և թե հետախուզության շարքերում: Իրենց նվիրմամբ և խիզախությամբ նրանք արժանի եղան իրենց նախնինների և ազգային հերոսների, այդ թվում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին փառքով պսակված մարտիկների հիշատակին»,- ասվում է ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքում։ 

Նաղդալյանի խոսքով՝ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում պետության պահպանության և խնամքի ներքո գտնվում են Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների շուրջ վեց հարյուր հուշարձաններ: 

«Հենց վերջիններս են հանդիսանում մեր միասնական հաղթանակի պատմության անխոս վկաները: Մենք դատապարտում ենք հուշարձանների հանդեպ բոլոր ոտնձգությունները ոչ միայն խոսքով, այլև այն իրողությամբ, որ Հայաստանի պատմության ընթացքում երկրորդ համաշխարհային պատերազմի մարտիկներին նվիրված որևէ հուշարձան չի ենթարկվել ոտնձգության»,- ասել է նա։ 

Այս տեսակետից Ադրբեջանի ղեկավարությանը Նաղդալյանը «պարզապես հարց է ցանկանում ուղղել, որի պատասխանը բոլորիս կողմից ակնկալվում է գործով». 

«Արդյոք երբ են վերականգնվելու Չարդախլու բնակավայրում Հայրենական մեծ պատերազմի հերոսների, այդ թվում խորհրդային մարշալներ Հովհաննես Բաղրամյանին և Համազասպ Բաբաջանյանին նվիրված հուշարձանները, որոնք ավերվել են Ադրբեջանի Հանրապետության շրջանում»,- հարցրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։ 

Ալիևի նախկին մեղադրանքները 

2019 թ․-ի հոկտեմբերի 11-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում արձագանքել էԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, թե իբր Հայաստանում հերոսացվել է նացիզմը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75–ամյակի նախաշեմին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱՊՀ տարածքում, մասնավորապես, Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը, որտեղ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում 2016 թվականին կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Տեր–Հարությունյանի (Նժդեհ) հուշարձանը, և այդ արձանը շարունակում է կանգուն մնալ նաև այսօր: Ալիևը դա անվանել է «ցինիկ քայլ», նշելով, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանները բազմիցս իրենց դժգոհությունն են արտահայտել Հայաստանի այդ ժամանակվա իշխանությունների այդ քայլից, և այդ փաստը նույնիսկ տեղ է գտել ՌԴ ԱԳՆ զեկույցներից մեկում։

«Ես անպատեհ եմ համարում պատմությունը խեղաթյուրելու փորձերը, որոշակի լարվածություն մտցնելու այս կարևոր նիստում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն անհարգալից են, նախևառաջ, հայ ժողովրդի նկատմամբ։ Եվ ես անհարգալից եմ համարում դրանք այն պետությունների և ժողովուրդների նկատմամբ, որոնք նրանք ներկայացնում են», - ասել է ՀՀ վարչապետը:

Նժդեհի մասին

Գարեգին Նժդեհը (ի ծնե՝ Գարեգին Տեր-Հարությունյան (1886-1955 թթ.) ռազմաքաղաքական, պետական գործիչ է, փիլիսոփա, իմաստասեր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից։ -0-