«Հայաստան» խմբակցությունը պատրաստ է տրամադրել իր բոլոր պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար

02.05.2025, 11:38
«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելոով, որ պատրաստ է տրամադրել իր բոլոր պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար
«Հայաստան» խմբակցությունը պատրաստ է տրամադրել իր բոլոր պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել 

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․ 

«ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մշտապես կողմնակից է եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի կիրառմանը։ Փաշինյանի հեռացումը համարելով կենսական անհրաժեշտություն պետության և ժողովրդի համար՝ «Հայաստան» խմբակցությունն առաջինն է հայտարարել իմպիչմենտի իրավական գործիքը կիրառելու տարբերակի մասին։ 

● Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի միջոցով անվստահություն հայտնելու քաղաքական և իրավական ծանրակշիռ հիմքերն առկա են։ Մյուս կողմից գործող վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը։ 

Նաև ակնհայտ է՝ առանց փողոցում ձևավորված հզոր, համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենտի հաջողության համար անհրաժեշտ՝ շուրջ երկու տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։ Ավելին, նույնիսկ այդպիսի ճնշումը վերջնական չի երաշխավորում անհրաժեշտ ձայների ապահովումը: 

Նախաձեռնության հեղինակները քաղաքական կուսակցություններ կամ շարժումներ չեն ներկայացնում և, ըստ էության, որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենտի հավանական ձախողման և դրա հետևանքների համար։

Այսօրվա դրությամբ նույնպես տեսանելի չէ նրանց կարողությունը հաջողության համար անհրաժեշտ ընդվզող զանգվածի գեներացման հարցում։ Այս ամենը խմբակցության մոտ կասկածներ է առաջացնում նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ։ 

Այնուամենայնիվ, 

«Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին։

Մենք նաև անընդունելի ենք համարում մեր խմբակցության պատգամավորներին թիրախավորելու, մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք անպատասխան չեն կարող մնալ:

Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ»։

Հիշեցնենք, որ ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի և մի խումբ այլ ընդդիմադիրների կողմից ձևավորված «Արթուն ենք» հանրային շարժման անդամներն ապրիլի 28–ին խորհրդարան մուտք են արել ԱԺ պատգամավորներին ուղղված նամակներ՝ Նիկոլ Փաշինյանին` 10 օրվա ընթացքում անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով։ Նամակներն անհատական են։