Հանրայնացվել են տվյալներ ՀՀ օդային տարածքում Թուրքիայի ԶՈՒ-երի սադրանքների մասին. ԱԳՆ-ն պահանջում է թուրքական զինուժի անհապաղ դուրսբերումը հակամարտության գոտուց

30.09.2020, 14:34
Հանրայնացվել են տվյալներ ՀՀ օդային տարածքում Թուրքիայի ԶՈՒ-երի սադրանքների մասին. ԱԳՆ-ն պահանջում է թուրքական զինուժի անհապաղ դուրսբերումը հակամարտության գոտուց

Հանրայնացվել են տվյալներ ՀՀ օդային տարածքում Թուրքիայի ԶՈՒ-երի սադրանքների մասին. ԱԳՆ-ն պահանջում է թուրքական զինուժի անհապաղ դուրսբերումը հակամարտության գոտուց

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ-ն չորեքշաբթի հանդես է եկել հայտարարությամբ Թուրքիայի ԶՈՒ-երի Արցախում իրավիճակի սրման և ՀՀ տարածքում տեղի ունեցածի մեջ ներգրավվածության վերաբերյալ:

«Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը»,- նշվում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարության մեջ Facebook-յան էջում:

Փաստաթղթում ընդգծվում է, որ աա թուրքական օդուժի առաջին սադրանքը չէ:

«Ադրբեջանում հայտնվելուց ի վեր թուրքական օդուժը սադրիչ թռիչքներ է իրականացնում Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով, իսկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում փաստացիորեն Ադրբեջանի բանակի հարձակվող զինված ստորաբաժանումներին օդային աջակցություն է ցուցաբերում: Հարկ է նշել, որ թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաև հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով և խախտելով Հայաստանի օդային տարածքը: Հայ-ադրբեջանական սահմանի նույն հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը և հռթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ:

Նաղդալյանի խոսքով, թուրքական օդուժը Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից:

«Թուրքական զինուժի այս սադրիչ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը և խոչընդոտում են մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:

Միջազգային հանրությունը կոչ է արել արտատարածաշրջանային ուժերին ձեռնպահ մնալ հակամարտությունը բորբոքելու քայլերից, և Թուրքիան պետք է անսա այս կոչերին:

Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի սադրիչ գործողությունները և պահանջում թուրքական զինուժի, ներառյալ՝ օդուժի անհապաղ դուրսբերումը հակամարտության գոտուց»,- ամփոփել է ՀՀ ԱԳՆ-ն:

Արցախում իրավիճակի սրացման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 80 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–