Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը. ԱԳ նախարարը՝ TRIPP շրջանակի փաստաթղթի մասին
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը, ավելին համաձայնեցված չէ:
Այս մասին Վաշինգտոնում TRIPP-ի վերաբերյալ ստորագրված ՀՀ-ԱՄՆ հայտարարության մասին ասուլիսում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Օգօստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանի, Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ընդունված հռչակագրում սահմանվեցին խաղաղության և Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման սկզբունքները, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, ընդգծվեց փոխադարձությունը: Նշվեց նաև, որ սահմանվելու է TRIPP՝ Թրամփի ուղի՝ հանուն խաղաղության և բարգավաճման: Անցել է ընդամենը 5 ամիս, և մենք ամերիկյան կողմի հետ բանակցություններում հաջողել ենք շատ ավելի մանրամասն անդրադառնալ պայմաններին, հիմնադրման ձևին»,-ասել է Միրզոյանը՝ այս փաստաթուղթը նշանակալի ու շահեկան համարելով։
«Վստահեցնում եմ, որ այն, ինչ բոլորիս հետաքքրիր է՝ մեծ հաշվով հենց այս փաստաթուղթն է: Հետագայում մյուս կանոնադրական փասթաթղթերում իրավական տեքստ կլինի, իհարկե, այն ինչ որ կլինի՝ չի կարող շեղվել արդեն իսկ համաձայնեցված պայմաններից»,- նշել է նա:
Նրա խոսքով, չկա որևէ պայման, որը բարձրացվել է, բանակցվել է և ունի համաձայնեցում, բայց չի հրապարակվել՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով:
«Միանգամից եմ ասում, որ միանշանակ որևէ այդպիսի դրույթ չկա, կա այն, ինչ կա փաստաթղթում և հրապարակված է»,- ասել է Միրզոյանը:
Նշենք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի` հունվարի 13-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով հրապարակել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։
Նշենք նաև, որ հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է։
TRIPP նախագծի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։
Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։

