Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը

07.01.2026, 15:42
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հրապարակել է կոնտակտային հեռախոսահամարներ հյուպատոսական ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը՝ ծառայություններ մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել հյուպատոսությունը:

Հյուպատոսական ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում գործում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետևյալ հեռախոսահամարները. +963 964 422 005, +963 942 000 690:

Հունվարի 6-ի առավոտյան Սիրիայի դեմոկրատական ուժերը անօդաչու թռչող սարքերի օգնությամբ գրոհել են կառավարական ուժերի դիրքերը Շեյխ Մաքսուդ թաղամասի շրջակայքում: Հարվածների հետևանքով զոհվել է մեկ զինծառայող, մի քանիսը վիրավորվել են։

Ի պատասխան քրդական կազմավորումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման՝ սիրիական բանակը ոչնչացրել է Սիրիայի դեմոկրատական ուժերի զինամթերքի պահեստը Շեյխ Մաքսուդի շրջանում: Դրանից հետո քրդական ջոկատների և կառավարական ուժերի միջև սկսվել է հարվածների ինտենսիվ փոխանակում։ Փոխհրաձգությունների թիրախում են հայտնվել նաև Աշրաֆիա, Շեյխ Մաքսուդ և Էլ Միդան թաղամասերը:

Այս պահին, սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնի է, որ Հալեպի բնակելի թաղամասերի ուղղությամբ քուրդ մարտիկների գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն 4 խաղաղ բնակիչ, ևս 10 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ստացել են վիրավորումներ:

Մի քանի ժամ տևած կատաղի փոխհրաձգություններից հետո Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմավորումների և կառավարական ուժերի միջև ձեռք է բերվել հրադադարի համաձայնություն: