Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, ԵՄ մշտադիտարկման առաքելության անհրաժեշտություն չի լինի․ ԱԳ նախարար

14.04.2025, 21:41
Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, ԵՄ մշտադիտարկման առաքելության անհրաժեշտություն չի լինի, ինչի արդյունքում սահմանամերձ շրջաններում բնակվող մարդիկ, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից, կզգան անվտանգություն, կարծում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, ԵՄ մշտադիտարկման առաքելության անհրաժեշտություն չի լինի․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, ԵՄ մշտադիտարկման առաքելության անհրաժեշտություն չի լինի, ինչի արդյունքում սահմանամերձ շրջաններում բնակվող մարդիկ, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից, կզգան անվտանգություն, կարծում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ներկայումս մենք ունենք Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն, որը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Առաքելության մանդատը, ինչպես նաև նրա վերջնական նպատակը, կայունության և խաղաղության ամրապնդումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիր, եթե մենք շարունակենք սահմանազատման գործընթացը, և այս ամենի արդյունքում հասնենք կայունության, ապա սահմանամերձ շրջաններում բնակվող մարդիկ, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից, կզգան անվտանգություն և կկարողանան ապահով կազմակերպել իրենց առօրյա կյանքը, ապա մշտադիտարկման առաքելության անհրաժեշտություն նույնպես չի լինի», – ասաց նա NTV թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Միրզոյանի խոսքով,այսպիսով, խնդիրները լուծելու ամենակարճ և արդյունավետ ուղին խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է: 

ՀՀ–ում ԵՄ առաքելության մասին

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը (EUMA) մեկնարկել է 2023 թվականի փետրվարի 20-ին Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակում՝ երկամյա մանդատով։ 2025 թվականի հունվարի 30-ին առաքելության մանդատը երկարաձգվեց ևս երկու տարով։

EUMA-ն պարեկություն է իրականացնում Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի 6 օպերատիվ բազաներից։ Առաքելության նպատակն է կայունացնել իրավիճակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ամրապնդել հակամարտությունից տուժած շրջաններում մարդկանց վստահությունն ու անվտանգությունը և ԵՄ աջակցությամբ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմաններ։