Եթե Իրանն ու Հայաստանը համատեղ ռազմական մոդել գործարկեն, ապա դա ուժեղ ուղերձ կլինի բոլոր թշնամիների համար․ իրանցի փորձագետ

25.03.2025, 15:25
Իրանցի փորձագետը չի կարծում, թե մոտ ապագայում Ադրբեջանը կփորձի հարձակվել Սյունիքի վրա։ Բաքուն հիմա դա չի կարող անել, որովհետև տարածաշրջանում իրավիճակը շատ բարդ է
Եթե Իրանն ու Հայաստանը համատեղ ռազմական մոդել գործարկեն, ապա դա ուժեղ ուղերձ կլինի բոլոր թշնամիների համար․ իրանցի փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Եթե Իրանն ու Հայաստանը համատեղ ռազմական մոդել գործարկեն, ապա դա ուժեղ ուղերձ կլինի բոլոր թշնամիների համար, հայտարարել է Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս, միջազգայնագետ, Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիան «Արմենպրեսին» տված հարցազրույցում։

«Եթե Իրանն ու Հայաստանը, թեկուզ այլ երկրների, օրինակ՝ Հնդկաստանի կամ նույնիսկ Ռուսաստանի մասնակցությամբ ինչ-որ զորավարժություններ անցկացնեն, ապա դա Բաքվին ուղղված հստակ և զորեղ ուղերձ կլինի», – նշել է փորձագետը։

Անդրադառնալով վերջին մի քանի օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածվող ապատեղեկատվությանն այն մասին, թե իբր Հայաստանի զինված ուժերը կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ Էհսան Մովահեդիանը նշել է, որ նման վարքագծով ադրբեջանական կողմը ցանկանում է որքան հնարավոր է ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից։ 

«Ադրբեջանը ցանկանում է, որ դուք (խմբ․ Հայաստանը) դժվարության մեջ հայտնվեք․ նրանք ցանկանում են ցույց տալ, որ եթե Հայաստանում ցանկանում են ստորագրել խաղաղության համաձայնագիրն, ապա պետք է Բաքվին ավելի շատ բաներ զիջեն և ընդունեն իր պահանջները»,-շեշտել է իրանցի փորձագետը։  

Նրա դիտարկմամբ՝ երբ Ադրբեջանը սկսում է նման հայտարարություններ անել կամ նման քայլեր կատարել՝ իրականացնելով փաստացի կեղծ և ստահոդ քարոզչություն, դա նշանակում է, որ Բաքուն հիասթափված է։  

«Կարծում եմ, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին ցույց տա, որ չի պատրաստվում ընդունել այն, ինչ Բաքուն ցանկանում է պարտադրել, քանի որ դա ընդունված չէ միջազգային հարաբերություններում և հակասում է նորմալ կանոնակարգերին ու միջազգային իրավունքին։ Բացի այդ, դուք գիտեք, որ Իրանը միանշանակ աջակցում է ձեզ, և որոշ տարածաշրջանային գործընկերներ ևս միանշանակ աջակցում են Հայաստանին այս հարցում։ Օրինակ՝ Հնդկաստանը, դուք կարող եք հույս դնել նույնիսկ Վրաստանի վրա, բացի այդ, որոշ արևմտյան երկրներ ևս աջակցում են ձեզ»,-նկատել է Էհսան Մովահեդիանը։  

Փորձագետի բնորոշմամբ՝ Բաքուն, միգուցե, մոտ ապագայում սահմանային հատվածներում ինչ-որ տեղային բախումներ հրահրի՝ նպատակ ունենալով ինչ-որ միավորներ հավաքել։

«Այդուհանդերձ, չեմ կարծում, թե մոտ ապագայում Ադրբեջանը փորձի հարձակվել Սյունիքի վրա։ Կարծում եմ, որ Բաքուն հիմա դա չի կարող անել, որովհետև տարածաշրջանում իրավիճակը շատ բարդ է։ Ադրբեջանն այս իրավիճակում պետք է կանգ առնի և լավ մտածի որևէ բան անելուց առաջ»,-ընդգծել է իրանցի փորձագետը։ 

Նրա խոսքով, Ադրբեջանը չի կարող որևէ բան սկսել, նա պարզապես ցանկանում են վախեցնել Հայաստանին:

«Հայաստանի կառավարությունը պետք է դեմ լինի այս նախապայմաններին, որովհետև Բաքուն ուզում է վիրավորել ինքնիշխան երկրին՝ Հայաստանին, և դա չի ավարտվելու․ երբ դու անընդհատ ինչ-որ բան ընդունում ես, հետագայում Բաքուն նոր բան է ասելու։ Հայաստանը պետք է դադարի ընդունել նախապայմանները և ուժեղ լինի՝ բարելավելով իր ռազմական պատրաստվածությունն ու հզորությունը, և ես հուսով եմ, որ այս կերպ կկարողանա կանգնեցնել Ադրբեջանին»,- նշել է Մովահեդիանը։