Եթե Իրանի վրա Իսրայելի հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը․ թուրքագետ

13.06.2025, 13:02
Այդ հարցում գործի է անցնելու Իսրայելի փաստացի դաշնակից հանդիսացող Ադրբեջանը, որին վերջին ամիսներին Իսրայելը բառացիորեն «լցոնել է» զենք-զինամթերքով
Եթե Իրանի վրա Իսրայելի հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը․ թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Եթե Իրանի վրա Իսրայելի հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը, հայտարարել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Իսրայելը գիշերը հարձակվել է Իրանի վրա, ինչի հետևանքով կան զոհեր և տուժածներ։

«Այդ հարցում գործի է անցնելու Իսրայելի փաստացի դաշնակից հանդիսացող Ադրբեջանը, որին վերջին ամիսներին Իսրայելը բառացիորեն «լցոնել է» զենք-զինամթերքով։ Հատկապես որ Թուրքիայի զինված ուժերն էլ զորավարժությունների անվան տակ այս պահին ու առնվազն մինչև հունիսի վերջ Նախիջևանում են լինելու՝ այդպիսով ապահովելով Սյունիքի արևմտյան կողմի վրա ճնշումը», – գրել է Գեղամյանը Telegram–ի իր ալիքով։

Նա նշել է, որ սա դեպքերի ու իրադարձությունների զարգացման ամենահավանական սցենարներից է։

«Պատկերավոր ասած՝ Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա, իսկ վառոդի հոտը թաքցվում է մեր հանրության կողմից և դրա փոխարեն ամեն օր «ցանում են» էժանագին օծանելիք («ներդրումներ», «կրթվել» և այլն) ու թուլացնում ազգային ինստիտուտները (մերձավորարևելյան այս ճգնաժամի մեջ հայ եկեղեցին կարող է ոչ միայն ներքին, այլև արտաքին կարևոր դերակատարում ունենալ՝ հաշվի առնելով նրա դերը, հարգանքը ու կապերն այս տարածաշրջանում)», – նշել է Գեղամյանը։