ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 6-7-ը խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատաժողով կկայանա Երևանում, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 15-18-ը Ժնևում ընթանում է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են խորհրդարանների գործունեության թափանցիկության ապահովմանը, աշխատակազմերում ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծմանը, խորհրդարան-կառավարություն երկխոսությանը, իրավական և վարչարարական ընթացակարգերին առնչվող հարցերը:
Նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ համագործակցող Վրաստանի և Ուկրաինայի խորհրդարանների գլխավոր քարտուղարների հետ:
Հանդիպման ընթացքում վերահաստատվել է դեկտեմբերի 6-7-ն աշխատանքային փորձի փոխանակման նպատակով խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատաժողովը Երևանում անցկացնելու հարցը, որտեղ ի թիվս օրակարգային այլ հարցերի կներկայացվեն նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում վերջին տարիներին իրականացված նորամուծությունները և առաջադեմ փորձը: Աշխատաժողովին մասնակցելու իր պատրաստակամությունն է հայտնել ԵԽ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Վոյչեկ Սավիցկին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում