ԵՄ–ն վերահաստատում է Հայաստանին ուղղված աջակցությունը խաղաղության գործընթացում. ԵՄ պատվիրակության ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Եվրամիությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում։ Այս մասին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
«Իրադարձությունները և հանդիպումները, որոնք տեղի ունեցան Վաշինգտոնում, ողջունվել են Եվրոպական միության կողմից։ Մենք այդ օրվանից ի վեր բոլոր հանդիպումների և հրապարակային միջոցառումների ժամանակ հայտնել ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու այդ նախաձեռնություններին», — նշել է ԵՄ պատվիրակության ղեկավարը ԵՄ երկրների դեսպանների՝ Սյունիք կատարած այցի շրջանակում։
Մարագոսի խոսքով՝ Եվրամիությունը հետևողականորեն աջակցում է տարածաշրջանային խաղաղությանը և պատրաստ է կիրառել իր գործիքները «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում։
Վաշինգտոնյան հռչակագրի մասին
Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։
Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին, համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հայաստանի իշխանությունների կողմից ներկայացված տարածաշրջանային նախագիծ է, որի նպատակն է վերականգնել և զարգացնել տրանսպորտային ու տնտեսական կապերը հարևան երկրների միջև։
Նախագծի շրջանակում նախատեսվում է նորացնել և կառուցել ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետային մալուխներ ու խողովակաշարեր՝ ապահովելով Հայաստանի կապը ինչպես Հյուսիս-Հարավ, այնպես էլ Արևելք-Արևմուտք ուղղություններով։
Նախագիծը դիտվում է որպես խաղաղության և կայուն զարգացման խթան ամբողջ Հարավային Կովկասում, որը կարող է նոր հնարավորություններ բացել Հայաստանի տնտեսության և միջազգային համագործակցության համար։

