ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսում պարզաբանեց ղարաբաղյան հակամարտության գոտում տարածքների հանձնման մասին իր արած հայտարարությունը։
Սեպտեմբերի 18–ին Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովում իր ելույթի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը, պատասխանելով մասնակիցների հարցին, հայտարարել է հետևյալը. «Մի կարծեք, թե մենք կարող ենք հավատել ինչ–որ մեկին և պարզապես ինչ–որ բան տանք։
Խոսելով վերադարձի մասին, ես ասել եմ, որ խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք անվտանգության տեսանկյունից սպառնալիք չեն դառնա Արցախի և հարցի հանգուցալուծման համար»։
«Այդ հարցի շուրջ որոշ մեկնաբանություններ դուրս են հանվել համատեքստից։ Ես չեմ ասել կոնկրետ տարածքների կամ առանձին հարցերի մասին, այլ ներկայացրել եմ համանախագահների հայտարարությունների հիմնական սկզբունքները, այն է` կարգավորման վերաբերյալ հնչեցրած հայտնի երեք սկզբունքները և վեց տարրերը»,– նշեց Նալբանդյանը։
Նախարարն ընդգծեց, որ համանախագահների բոլոր առաջարկությունները պետք է դիտարկել ընդհանուր ամբողջության մեջ, հակառակ դեպքում կարգավորումն անհնար կլինի։
Загружается новость ... "Лево"
«Ամենակարևորն Արցախի կարգավիճակի և անվտանգության երաշխիքի հարցն է։ Եթե այդ հարցերը լուծվեն, ապա մնացածն ածանցյալներ են, այդ թվում` բազմագործոն անվտանգության երաշխիքները»,– ասաց Նալբանդյանը։
Արտաքին գործերի նախարարը նշեց, որ «հայկական կողմն անցկացնում է այն նույն քաղաքականությունը, ինչ նախկինում»։
«Դրա արդյունքում մեր մոտեցումները համահունչ են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունների և առաջարկությունների հետ, որոնք ընդունվել են որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք և որոնցից Ադրբեջանը մշտապես հրաժարվում է»,– ասաց Նալբանդյանը։ -0-