ԵԱՀԿ-ն հայտարարել է Մինսկի գործընթացի դադարեցման և դրա հետ կապված կառույցների փակման մասին

01.12.2025, 13:15
Որոշումը կայացվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանն ուղղված համատեղ դիմումի հիման վրա
ԵԱՀԿ-ն հայտարարել է  Մինսկի գործընթացի դադարեցման և դրա հետ կապված կառույցների փակման մասին

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ-ն 2025 թ.-ի նոյեմբերի 30-ին՝ ժամը 23:59-ին, ավարտել է Մինսկի գործընթացի դադարեցումը և դրա հետ կապված կառույցների փակումը, համաձայն Նախարարների խորհրդի սեպտեմբերի 1-ի որոշման։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ քարտուղարությունը։

Քարտուղարությունը նշում է, որ որոշումը կայացվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանն ուղղված համատեղ դիմումի հիման վրա:

«Անհրաժեշտ բոլոր վարչական ընթացակարգերի ավարտը նշանավորում է փակման գործընթացի ավարտը։ Այս գործընթացով կյանքի կոչվեց ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների սեպտեմբերի 1-ի կոնսենսուսային որոշումը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Վաշինգտոնում ստորագրված պատմական համատեղ հռչակագրից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։