Ադրբեջանն անցած շաբաթ խախտել է հրադադարի ռեժիմը շուրջ 130 անգամ. ԼՂՀ ՊՆ

29.06.2015, 13:08
Հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` հղում անելով պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներին։
Ադրբեջանն անցած շաբաթ խախտել է հրադադարի ռեժիմը շուրջ 130 անգամ. ԼՂՀ ՊՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` հղում անելով պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներին։

Հաղորդագրությունում նշվում է, որ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,– նշվում է հաղորդագրությունում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-