ԼՂՀ նախագահը պարգևատրման մասին մի շարք հրամանագրեր է ստորագրել մայիսյան տոների կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր պարգևատրման մասին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան։
2015 թվականի ապրիլի 21-ին հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը կասեցնելու, մարտում անձնական արիություն ու խիզախություն ցուցաբերելու համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է 1 մարդ։
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է 17 մարդ:
Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է 303 մարդ, որից 11-ը` հետմահու:
Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել է 25 մարդ, որից 1-ը` հետմահու:
Հայրենիքի արժանավոր զավակներ դաստիարակելու համար «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հարձակումները հետ մղելու ժամանակ հերոսաբար զոհված 3 զինծառայողների ծնողները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրվել է 3 մարդ, «Երախտագիտություն» մեդալով` 6 անձինք:
Եվրոպական ատյաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերն ու իրավունքները հետևողականորեն ներկայացնելու համար «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել է 1 մարդ:–0–

